Մարդ չգիտի էլ՝ իր ներսն հոշոտող ո՞ր մի հարցի շուրջ իր մտահոգություններն արտահայտի, ո՞ր մի հարցն իր համար գլխավոր գլուխկոտրուկ դարձնի, ո՞ր հարցն ընկալի որպես առաջնահերթ՝ խորհելու, հետևություններ անելու համար:
Հարցերն անհամար են: Կան, որ միայն պատասխաններ են պահանջում, կան, որ բացատրության անհրաժեշտություն ունեն:
Թե չէ՝ այս ի՞նչ է, այսպես չի կարելի, այսպես չպիտի լիներ՝ մինչև ե՞րբ այսպես:
Այս ի՞նչ դեմոկրատիա է, այս ի՜նչ ամենաթողություն է:
Հասկացանք, որ քարերի երկիրն է մերը, բայց մենք հո քարի՞ց չենք, միսուարյուն ենք, զգացողություն ունենք, որքա՞ն կարող ենք հանդուրժել, համբերել, դիմանալ, սպասե՜լ:
Երբ ասելիքս կուտակվում է, գրելը դժվարանում է, հանրության կողմից քննարկվող հարցի շուրջ սակայն՝ դժվար է լռելը։
Իմ հարցը կամ հարցերը հնչեցնելուց առաջ շատ կարճ մի նախաբան՝ հեռուստատեսությունում, երբ ցանկանում էինք որևէ հաղորդում կրկնել, ասում էինք «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով․․․»։
Ասելիքս զի՞նչ ցուցանե․․․
Ի՞նչ խորհուրդ ու նպատակ ունի հայ-հայերի-հայության-հայոց ազգի ողջ պատմությունը վերանվանել-վերափոխել-վերաիմաստավորել որպես Հայաստանի պատմութուն, այն էլ անանուն, անհայտ, սեփական դեմք ու անուններով չներկայացող, ինչ-որ «մի խումբ մասնագետների ինչ-որ մի գերատեսչության դիմելով»։
Հայաստանը նույնպես, այո՛, հայոց պատմության, չասենք փառավոր, բայց գոնե լուսավոր միակ կետն է՝ հայոց ազգի փրկյալ միակ, առայժմ վերջին, թերևս ամենավերջին ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Կամավոր ջնջու՞մ ենք, մոռացության գի՞րկն ենք նետում կորուսյալ Հարենիքները, կտրու՞մ ենք սերունդների կապը, արմատախի՞լ ենք անում Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, Նախիջևան, Արցախ երբեմնի Հայրենիքները։
Պատմական հիշողությու՞նն ենք փորձում ջնջել, Հայոց պատմության քիչ թե շատ հերոսական դրվագներով հպարտանալու իրավունքի՞ց ենք զրկվում, պարտությունների դառնության ու կորուստների ցա՞վն ենք բթացնում։
Սա՞ է «արևմտյան ադրբեջան» ցնդաբանությանը՝ պետականորեն տրվող մեր պատասխանը:
Ես ամեն անգամ ցավ ու զայրույթ եմ ապրում, երբ որոշ «քաղաքագետներ» անգամ, փոխանակ ասելու «ադրբեջանի արևմտյան մաս կամ հատված»՝ փաստում են նույնը՝ արևմտյան ադրբեջան։ Ի՞նչ է, դա իրողությու՞ն են համարում, կեղծ ու հեռահար այդ բարբաջանքը կրկնելու, տարածելու պատվե՞ր են կատարում, ինչ-որ բանի համար հո՞ղ են նախապատրաստում։
Ճակատագրի կամ մեր խեղճությամբ կամ օտարին նվիրաբերվելու մեր կործանարար շնորհով Հայաստանու՛մ է ստեղծվել Պետություն։
Հայաստանի՛ պետություն՝ չի՞ նշանակում արդյոք հրաժարում հայոց ո՛ղջ, թեկուզև ա՛նՊետություն պատմությունից։
Հայաստանից տեսանելի չէ Հայկական լեռնաշխարհը, բայց նրա գոյությունը արյան հետ փոխանցվում է յուրաքանչյուր հայի։
Տեսանելին, որպես համազգային երազանքների մարմնացում, Մասիսն է։ Հնարավո՞ր է քողարկել, հնարավո՞ր է հսկայական բարձրաբերձ պարիսպներ կառուցել, որ այլևս ոչ մի հայ չտեսնի, չհիանա, չզգա, չկարոտի, չոգեշնչվի հույս ու հավատով, թե մի օր իր տերերն իրենց տուն են վերադառնալու։
Հայոց պատմության ամենաիրեղեն վկայությունն է, չէ,՞ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ։
Մատենադարանում հայոց պատմությունն է ննջում, չէ՞, որն անպայման մի օր կարթնանա, կաղմկի, գուցե և մարմին կառնի։
Իսկ մինչ այդ՝ գուցե կհայտարարվի, թե մենք անպատմություն, անանցյալ, անմշակութ, անարժեք ազգ ենք։
Մե՛նք՝ հայերս։
Պետության ու պետականության մասին բարբաջանքները իրավունք չե՛ն տալիս հազարամյակների պատմությունը տեղավորելու, խցկելու 29,800 քառ․կմ Հայաստանի տարածքում։
Միջազգայնորեն ճանաչված Հայաստանն ի՛ր պատմությունն ունի, իր սկիզբն ու ընթացքը: Իր գրված ու գրվելիք պատմությունը։
Ամեն ինչ չասացի, բայց ամենավերջում՝ եթե, իրոք, Ժողովրդավար պետություն ենք, ապա ժողովուրդը միայն ընտրությունների միջոց չէ, ժողովուրդը ձայն ու իրավունք ունի իրեն վերաբերող բոլոր որոշումների մասնակիցը լինելու։
Ժողովրդի ձայնը արտոնյալ է, որովհետև՝ Ձայն բազմաց, ձայն Աստծո։
Ես ժողովրդիս մի մասնիկն եմ։
Առայժմ այսքանը՝ առանց խմբագրման։
Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ
ՀԳ․
Իսկ մի խումբ մասնագետներ չեն կարող և իրավունք չունեն առանց ժողովրդի քննարկման ու համաձայնության որոշումներ պարտադրել։ Այդ իրավունքը չունի անգամ կառավարական ո՛չ մի գերատեսչություն։